Թերթն իր խմբագրականում գրում է. «Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը կենաց-մահու կռիվ են տալիս հանուն այն բանի, որ Եվրոպայի Խորհուրդը իր ձեւակերպումներում հնարավորինս ավելի փափուկ կամ կոշտ լինի հայաստանյան իրողությունները գնահատալիես: Պարզ է, թե ինչու է դա նրանց համար այդքան կարեւոր. Երկուսն էլ համարում են, որ «կոշտությունը» իշխանական աթոռները սասանում է, իսկ «փափկությունը»՝ ամրապնդում: Բայց արդյոք ԵԽ-ն հեղինակավո՞ր կառույց է, արդյոք այն մարմնավորում է եվրոպական արժեքները: Խիստ կասկածում եմ: Այդ կազմակերպությունը բազմիցս ապացուցել է իր անսկզբունքայնությունը, փարիսեցիությունը եւ երկակի ստանդարտներով առաջնորդվելը:

…Իսկ հիմա եկեք անցնենք ընդհանուրից դեպի մասնավորը եւ դիտարկենք մեկ, առանձին վերցրած՝ Ջոն Պրեսկոստին՝ Հայաստանի հարցով համազեկուցողին: Արդյոք այդ չափազանց անդաստիարակ, հոգեպես անհավասարակշիռ, լրագրողներին կոպտղ պարոնը Կանտի, Մոնտեսքյոյի կամ իր հայրենակից Ջոն Լոքի հոգեւոր ժառա՞նգն է: Ոչ, նա դիքենսյան զավեշտալի բյուրոկրատների հետնորդն է:

Հա մոռացա, նա Հայաստան է եկել ոչ թե մեր մանր-մունր խնդիրներով զբաղվելու, այլ մարդու իրավունքների փիլիսոփայական ասպեկտները քննարկելու: Դա մոտավորապես նույնն է, որ ես, լսելով Սպիտակցի Հայկոյի երգը, խոսեմ խիստ ոճի կոնտրապունկտի մասին»: