Բյուջեից բազմաթիվ ծախսեր կրճատելով՝ կարելի էր լուծել բանակին տրվելիք 1000 դրամի հարցը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն՝ անդրադառնալով «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծին:
«Արդեն իմ աշխատավարձի մեկ տոկոսը տալիս եմ Ղարաբաղի հիմնադրամին եւ պատրաստ եմ ավել տալ այդ նպատակով, բայց մարդիկ կան, որոնց համար դժվար է: Դա լուրջ խնդիր է: Առանց այդ էլ մարդիկ աղքատ են եւ բարդ է նրանց համար: Եթե սկզբունքը լիներ կամավոր, դա միայն կարելի էր ողջունել: Եւ այդ դեպքում կարելի էր տեսնել՝ ով ինչքան գումար է դնում այս գործի մեջ: Բայց չի կարելի մոգոնել նոր հարկատեսակ եւ ժողովրդից գումար կորզել»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Լեւոն Զուրաբյանը կարծում է, որ այդ նպատակին կարող են ծառայել ոչ թե հանգանակության միջոցով, այլ, օրինակ, բազմաթիվ ուռճացված ծախսեր կրճատելով: Եւ եթե սկզբում Ազգային ժողովը քննարկեր 2017-ի բյուջեի նախագիծը, հնարավոր էր եւ մատնացույց անել 1000 դրամի գաղափարը իրականացնելու միջոցները: «Տարեկան 15 միլիոն դոլարի մասին է խոսքը, որը կարելի է հայթայթել շատ հանգիստ կրճատելով բազմաթիվ անիմաստ ծախսեր բյուջեից, այ սա պետք է անել: Այսինքն՝թող սկզբում բյուջեն քննարկվեր, փորձեինք այդ լուծումը գտնել բյուջեով, մի գուցե այս օրենքի կարիքն էլ չէր լինի: Առանց փաստարկի, պատճառաբանության հրաժարվեցին այս առաջարկից, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ նպատակը գումար կորզելն է: Եւ իսկապես, սա պետության պարտավորությունն է, որը պարտավոր էր կատարել բյուջեի հաշվին»,-ասաց պատգամավորը:
Զուրաբյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ այն քաղաքացիները, որ քննադատում են կառավարության այս գաղափարը, պատրաստ են ավելի շատ վճարել, եթե դա լինի կամավոր սկզբունքով եւ ոչ թե իշխանության միջամտությամբ, որի հանդեպ վստահություն չունեն:



























