Լոռու մարզի Ձորագետ համայնքի բնակիչները դժգոհում են՝ Վանաձոր-Ալավերդի Մ-6 միջպետական ճանապարհի շինարարական աշխատանքները գյուղի բնակիչների ու աշակերտների համար դժվարություններ են առաջացրել:
Պարզվում է՝ ճանապարհի շինաշխատանքների պատճառով Ձորագետի դպրոցի աշակերտները ստիպված են շուրջ երկու կիլոմետր քայլել երկաթգծի վրայով, որն անվտանգ չէ: Երեխաներին դպրոց ճանապարհող ծնողները անհանգստանում են՝ ոլորապտույտ երկաթգծով անցնող մեքենավարի համար ճանապարհը տեսանելի չէ, երեխաներն էլ կարող են գնացքի շչակների ձայնից խառնվել ու ճիշտ ժամանակին չհեռանալ գծերից:
«Եթե իրանք նախատեսում էին, որ էդ ճանապարհը պիտի սարքեն, չէին մտածո՞ւմ, թե էստեղի ժողովուրդը ոնց են ապրելու: Կապը լրիվ կտրվում ա քաղաքից: Ոչ խանութ կա, ոչ շուկա կա, ոչ ուրիշ բան: Ինչո՞վ պիտի էս մարդիկ ապրեն»,- մեզ հետ զրույցում դժգոհեց բնակիչներից Ազիզ Եգանյանը:
Գյուղացիները պատմեցին, որ դպրոցական Գեւորգը, Երկաթգծով դպրոց շտապելիս օրեր առաջ գնացքի ձայնը լսելով, փորձել է դուրս գալ ռելսերից: Շտապելուց, սակայն, վայր է ընկել ու վնասել դեմքը:
Ձորագետցիներին մտահոգում է հատկապես այն հանգամանքը, որ շինաշխատանքները երկարաժամկետ են, իսկ այլընտրանքային ու միևնույն ժամանակ շահավետ այլ ճանապարհ բնակիչերին մինչ օրս չի առաջարկվել:
Նշենք, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 16-ին այցելել է Մ-6 միջպետական ճանապարհ, ծանոթացել շինաշխատանքների ընթացքին: Ձորագետցիները հույս ունեին, որ նախարարը կայցելի նաև գյուղ ու տեղում բնակիչների հետ կքննարկի խնդիրը: Դա, սակայն, տեղի չունեցավ:




























