Գյումրին ֆանտաստիկ պոտենցիալ ունի Հայաստանի տուրիստական մայրաքաղաք դառնալու համար։ Այս մասին դեկտեմբերի 7-ին՝ ԱԺ–ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ, ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի հարցին։

Մինչեւ դեկտեմբերի վերջը Հայաստանի  համայնքները պետք է ներկայացնեն զարգացման ծրագրերը։ Հետո գերատեսչությունները կքննարկեն դրանք։ Ընդ որում, Գյումրիի ծրագիրը կքննարկենք ավելի մեծ ուշադրությամբ։

«Մենք այսօր եղանք Գյումրիում, խորհրդակցություններ ենք վարել ՏՏ կենտրոնում։ Եվ պատահական չէ, որ հենց այնտեղ։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ կյանքը շարունակվում է, պետք է դուրս գալ հոգեհանգստի վիճակից եւ նայել վաղվա օրվան։

Մենք քաղաքապետի հետ պայմանավորվել ենք, որ երիտասարդությունը հնարավորինս շատ քաղաքի զարգացման ծրագրեր ներկայացնի, որպեսզի լոուքոսթերով Գյումրի ժամանողները չշտապեն Երեւան, այլ մի փոքր մնան այնտեղ։ Այդ հին քաղաքը եւ նեղ փողոցները մարդկանց գրավելու ֆանտաստիկ հնարավորություններ են տալիս»,– ասել է վարչապետը։