Լոս Անջելեսի հայ բնակիչ Նարեկ Նաջարյանը, որը դեկտեմբերի 7-ին օգնել է Լոս Անջելեսի ոստիկանությանը կանգնեցնել Թուհունգա թաղամասում տեղի ունեցող հետապնդումը, պատմել է իր արարքի մասին:

KABC հեռուստաալիքի փոխանցմամբ, կատաղի հետապնդումը սկսվել էր Սան Ֆերնանդո հարթավայրում այն բանից հետո, երբ ոստիկանությունը փորձել էր տուգանել հարբած ավտոմեքենա քշելու մեջ կասկածվող մի տղամարդու:

Կասկածյալը դիմել էր փախուստի՝ ուղղվելով Լա Կրեսենտա բնակավայր: Հետապնդման ընթացքում նա նույնիսկ վթարի էր ենթարկել մի հեծանվորդի և կորցրել հետևի անվադողը:  

Տղամարդը բարձր արագությամբ հասել էր Թուհունգա թաղամասի մի շատ նեղ փողոց,  որտեղ էլ փիքափի վարորդ Նարեկ Նաջարյանը նկատել էր իրավիճակը և որոշել ինչ-որ մի բան անել:

«Ես ուղղակի որոշեցի ավտոմեքենաս հետ տալ, որպեսզի նա հայտնվի փակուղու մեջ, և ապա դուրս գալ և փախչել»,-  պատմել է Նարեկը:

Նման իրավիճակներում ոստիկանությունը սովորաբար խորհուրդ է տալիս հեռու մնալ և չփորձել օգնել:

Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել հետապնդման ընթացքում:  Կասկածյալը կալանավորվել է առանց միջադեպի: