Չինացի հնէաբանները սաթի մեջ առնվազն 99 մլն տարեկան դինոզավրի պոչի մի մաս են գտել, հայտնում է CNN–ը։
Սաթի կտորը, որը ծիրանաչրի չափի է, գիտնականները պատահաբար են հայտնաբերել Մյանմարի շուկայում՝ Չինաստանի հետ սահմանի մոտ։ Առեւտրականները ուզում էին այդ սաթը վաճառել որպես զարդ, կարծելով թե քարի ներսում ինչ-որ բույս կամ տերեւ է զմռսված։ Սակայն հնէաբանները միանգամից հասկացել են, որ դա ինչ –որ ողնաշարավոր կենդանու մնացորդ է, ամենայն հավանականությամբ տերոպոդի՝ գիշատիչ դինոզավրի։
Սաթի կտորներում նախկինում արդեն հայտնաբերվել են հին թռչունների մնացորդներ ու դրանց փետուրները, բայց սա առաջին դեպքն է, երբ դինոզավրի կմախքի մի մասն է հաջողվել գտնել, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Պոչի կտորը, հավանաբար երիտասարդ ցուելուրոզավրի էր պատկանում։ Խոսքն այդ խմբի ամենափոքր ներկայացուցիչների մասին, որոնք ընդամենը մի ճնճղուկի չափի էին ու կարող էին տեղավորվել մարդու ափի մեջ։
Ընդամենը 6․5 գրամ կշռող սաթի կտորի մեջ կարելի է տեսնել ոսկորներն ու փետուրները , ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ շատ դինոզավրեր փետուրներ են ունեցել։





























