PicsArt ընկերությունը դեկտեմբերին տոնել է ընկերության հիմնադրման 5 ամյակը: PicsArt-ի տարեդարձին մասնակցել են ոչ միայն ընկերութան շուրջ 300 աշխատակիցները, այլ նաեւ ընկերության բոլոր գործընկերները: Ընկերությունը հիմնադրել են Հովհաննես Ավոյանը եւ Արտավազդ Մեհրաբյանը՝ 2011 թվականին:

Հիշեցնենք, որ PicsArt-ը իրենից ներկայացնում է բջջային հավելված եւ սոցիալական ցանց ֆոտոխմբագրման բազմաթիվ հնարավորություններով: Այն թույլ է տալիս բաժանորդագրվել տարբեր օգտատերերին, ինչպես նաեւ ներբեռնել լուսանկարներ, խմբագրել ու ձեւափոխել դրանք, կոլաժներ պատրաստել, մասնակցել տարբեր մարտահրավերների եւ այլն: PicsArt-ի ակտիվ օգտատերերի թիվն ամսական 80 միլիոնից ավելի է, իսկ ներբեռնումների ընդհանուր քանակն արդեն հատել է 350 մլն-ի սահմանը:

Ի դեպ, օրերս PicsArt-ը CNET-ի կողմից ճանաչվել է որպես 2017-ի լավագույն ֆոտոհավելված: CNET-ը օնլայն հարթակ է, որի ընթերցողների ամսական թիվը հասնում է 200 մլն-ի: