Ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավումը կարող է շահավետ լինել Հայաստանի համար: Այս մասին իր հոդվածում նշել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:
Հոդվածում, մասնավորապես, ասվում է.
«Անցյալ տարվա նոյեմբերին ամերիկացիներն ընտրեցին նախագահի առավել անհավանական թեկնածուին՝ Դոնալդ Թրամփին: Նա ձեր պատկերացրած քաղաքական գործիչը չէ: Որպես հաջողակ եւ հայտնի գործարար, նա սովոր է հանպատրաստից ելույթներ ունենալ եւ հավանություն չտալ որեւէ կոնկրետ ուղղության: Հաշվի առնելով Թրամփի նախագահության հակասական բնույթը՝ կտրուկ փոփոխությունների կարող են ենթարկվել ներքին եւ արտաքին հարաբերությունները: Նախագահ Թրամփն արդեն վերանայել է իր դիրքորոշումը որոշ նախընտրական հիմնական խոստումների վերաբերյալ. ապօրինի օտարերկրացիների արտաքսում, Մեքսիկայի եւ Միացյալ Նահանգների միջեւ պատի կառուցում, եւ իսլամական երկրներից Միացյալ Նահանգներ ներգաղթյալների այցերի արգելում: Թրամփը փոխել է նաեւ իր դիրքորոշումը որոշ կարեւոր միջազգային հարցերի վերաբերյալ: Նա ինքն էլ վստահ չէ, թե ինչ դիրքորոշում կունենա արտաքին քաղաքական մի շարք հարցերի վերաբերյալ:
Ահա միջազգային հիմնական որոշումների համառոտ ցանկը, որ Թրամփը պետք է կայացնի.
1. Հարաբերությունների ամենակարեւոր վերանայումը կլինի Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ: Եթե այս երկու խոշոր երկրները կարողանան համաձայնության գալ, ապա աշխարհի կայունությունը վտանգող տարաձայնության որեւէ պատճառ չի լինի: Բացի այդ, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ համագործակցությունը դրական ազդեցություն կունենա Սիրիայում եւ Իրաքում ահաբեկչության դեմ պայքարում: Միջազգային խոշոր գործիչներից շատերը, որոնք դեմ են արտահայտվում Պուտինի եւ Թրամփի միջեւ հարաբերությունների բարելավման հեռանկարին, նորից վերադառնում են սառը պատերազմի ժամանակաշրջանի մտածելակերպին: Ամենամեծ խնդիրը, որ ծագել է վերջին շաբաթներին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հակերային հարձակման մեջ Ռուսաստանի դեմ ուղղված մեղադրանքն էր: Սակայն, ռուսները որեւէ արտառոց բան չեն արել: Չինաստանը, Ռուսաստանը եւ նույնիսկ Միացյալ Նահանգների դաշնակիցները միշտ էլ փորձել են գողանալ միմյանց գաղտնիքները:
2. Թրամփը, գործող միջազգային համաձայնագրերի հետ կապված իր դժգոհության պատճառով, կցանկանա կրկին բանակցություններ վարել Օբամայի վարչակազմի կողմից նախկինում հաստատված պայմանների շուրջ: Առավել կարեւոր փոփոխություններից մեկը, որ Թրամփը կցանկանա կատարել՝ Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ կրկին բանակցություններ վարելն է, որը Իրանից եւ ԱՄՆ-ից բացի ներառում է նաեւ մի շարք այլ երկրներ: Մնում է տեսնել, թե արդյոք իրանցիները կհամաձայնեն Թրամփի կողմից առաջարկվող փոփոխություններից որեւէ մեկին:
3. Թրամփի համար մյուս կարեւոր վերանայումը՝ արաբա-իսրայելական հակամարտության լուծումն է: Սակայն, եթե նա իր ծրագրերի համաձայն պատրաստվում է ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ, ապա դա կարող է լուրջ բախում առաջացնել ԱՄՆ-ի եւ արաբական երկրների միջեւ՝ հանգեցնելով խիստ անցանկալի հետեւանքների:
4. Վերջին հարցը, որ կծառանա նախագահ Թրամփի առջեւ՝ Միացյալ Նահանգների եւ Կուբայի միջեւ նոր հարաբերությունների բարելավումն է: Մնում է տեսնել, թե արդյոք Կուբան կհամաձայնի Թրամփի կողմից առաջարկվող որեւէ փոփոխության:
Ոչ մի երաշխիք չկա, որ նախագահ Թրամփի գաղափարները կբարելավեն նախկինում կնքված համաձայնագրերը, կամ եթե դրանք ընդունվեն մնացած աշխարհի կողմից: Հետեւաբար, շատ մեծ անորոշություն կա, թե ուր կտանի նոր աշխարհակարգը, եւ արդյոք կբարելավվեն հարաբերությունները տարբեր երկրների միջեւ: Ամբողջ աշխարհը հույս ունի, որ երկրներն ավելի լավ հարաբերություններ կունենան միմյանց հետ եւ խաղաղ լուծումներ կգտնվեն: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դրական հարաբերությունները կօգնեն Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերների լուծմանը»:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի




























