ԱՄՆ-ում գտնվող բազմաթիվ հայեր տեղեկացրել են, որ ընտրությունների համար գալու են Հայաստան եւ մասնակցելու են ընտրություններին՝ թե որպես դիտորդ, թե որպես քվեարկող, թե շտաբում աշխատող։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով դաշինքի  ԱՄՆ կատարելիք այցին։

Նշենք, որ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Նիկոլ Փաշինյանի եւ «Հանրապետություն»  կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի «Ելք» դաշինքը ընտրական քարոզարշավը կսկսի Լոս Անջելեսից։ Հունվարի 27-ին ԱՄՆ կմեկնեն Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը, Փաշինյանը չի մեկնելու։

Հարցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի մեկնում իրենց հետ, Մարուքյանը պատասխանեց․ «Այս պահին հաստատված է իմ, Արամ Սարգսյանի եւ ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանի գնալը, բայց չի բացառվում՝ էլի մարդիկ ավելանան։  Չենք կարող ամբողջ դաշինքի առաջնորդների թիմով երկրից դուրս գալ ու միառժամանակ գտնվել արտերկրում։ Այսինքն՝ կազմակերպչական բազմաթիվ հարցեր կան»։

Իսկ թե ինչո՞ւ են քարոզարշավն սկսում Լոս Անջելեսից, երբ դաշինքի ընտրողները բնակվում են Հայաստանի Հանրապետությունում, որոնց դեռ չի էլ ներկայացվել  դաշինքի ծրագիրը, Մարուքյանն ասաց. «Մենք մեր ընտրողներին հանդիպելու ենք մարտի 5-ից սկսած՝ Ընտրական օրենսգրքի համաձայն։ Հայաստանում քարոզարշավ հիմա չենք անում։ Լոս Անջելեսում մենք կներկայացնենք մեր ծրագրերը, որը հնարավոր է՝ մարդկանց հետ բերի Հայաստան թե քվեարկելու, թե աջակցելու, դիտորդական առաքելություն կատարելու նպատակով։ Նրանք նույնպես պետք է ներգրավված լինեն Հայաստանում ընթացող պրոցեսներին։ Մենք մեր առջեւ ներգաղթի խնդիր ենք դնում եւ չենք կարող որեւէ կերպ արհամարհել դրսում ապրող մեր հայրենակիցներին»,-ասաց Մարուքյանը։

Դիտարկմանը՝ որքանո՞վ է հավանական մարդկանց ընտրություններին մասնակցելու համար հայրենքի վերադարձնելը եւ արդյոք իրականում ֆինանսական միջոցներ հայթայթելու նպատակով չեն ԱՄՆ մեկնում քաղաքական ուժերը, պատգամավորն արձագանքեց․ «Ձեզ համար անհավանական է, մեզ համար՝ հավանական։ Բազմաթիվ մարդիկ տեղեկացրել են, որ ընտրությունների համար գալու են Հայաստան եւ տարբեր մակարդակերում մասնակցելու են թե որպես դիտորդ, թե որպես քվեարկող, թե շտաբում աշխատող։ Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, եթե մեր հայրենակիցները կցանկանան ներդրում ունենալ, կարող են փոխանցում կատարել կուակցությունների հաշիվներին կամ նախընտրական հիմնադրամին, որը կբացվի քարոզարշավի ժամանակ»։