ԱՄՆ վարչակազմը հույս ունի, որ ամերիկյան հասարակությունը հանգիստ կթողնի նախագահի 10-ամյա որդուն՝ Բերոն Թրամփին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Վաղեմի ավանդույթ է, որ նախագահների երեխաներին հնարավորություն է ընձեռվում մեծանալ առանց իրենց հանդեպ քաղաքական ուշադրության: Մենք գնահատում ենք այդ հարցում համագործակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Անցյալ օրերին Բերոնն ու Մելանյա Թրամփն ամերիկյան լրատվամիջոցների ծաղրական հրապարակումների թիրախում են հայտնվել:

NBC հեռուստաալիքի «Saturday Night Live» շոուի սցենարիստ Քեյթի Ռիչին հեռացրել են աշխատանքից՝ ԱՄՆ նոր նախագահի 10-ամյա որդու մասին Twitter-ում վիրավորական հրապարակում անելու համար: Թրամփի երդմնակալության ժամանակ նրա կինը՝ Մելանյան, փորձել է բռնել որդու ձեռքը, սակայն նա թույլ չի տվել: Դրանից հետո Ռիչը գրել է. «Բերոնը տանը սովորած առաջին դպրոցական նետաձիգը կլինի մեր երկրում»: Ավելի ուշ լրագրողը ներողություն է խնդրել:

Բացի այդ՝ մի շարք հեռուստաալիքներ քննարկել են Բերոնի պահվածքն այն պահին, երբ նրա հայրը հրամանագրեր էր ստորագրում Սպիտակ տանը: Լրագրողներն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ տղան խաղացել է իր փոքրիկ զարմիկի հետ: