ԱՄՆ միջանկյալ ընտրություններից հետո, որտեղ հաղթանակ տարան հանրապետականները, Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման շանսերն աճել են: Կլոր սեղանի ընթացքում նման կարծիք է հայտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Նրա խոսքով, կա երկու գործոն, որոնք անուղղակի կերպով կարող են աջակցել բանաձեւի ընդունմանը՝ ամերիկա-թուրքական հարաբերությունների լարվածությունն ու Անկարա-Թել-Ավիվ հարաբերություններում առկա խնդիրները:

«Կոնգրեսում ընտրված հանրապետականները ձգտելու են պատժել Անկարային Երեւանի, նաեւ Վաշինգտոնի հետ հարաբերություններում ոչ կառուցողական հարաբերությունների համար»,- նկատել է Կիրակոսյանը: Դրան կհավելվի նաեւ իսրայելական լոբբիի ջանքերը, որը եւս բանաձեւով կփորձի պատժել Թուրքիային Իսրայելի հետ հարաբերությունների համար:

«Բացի այդ, Թուրքիան առաջիկայում եւս մեկ քննություն կհանձնի՝ ընտրություն կատարել ՆԱՏՕ-ի եւ Իրանի միջեւ: Դա շատ բարդ ընտրություն կլինի, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի հին անդամ է, իսկ Իրանը նրա երկրորդ տնտեսական գործընկերը: Այդուհանդերձ, Թուրքիան ստիպված է բավարարել ՆԱՏՕ-ի պահանջները եւ հակահրթիռային համալիրներ տեղադրել իր տարածքում»,- նկատել է փորձագետը:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Կիրակոսյանը նշել է, որ բանաձեւն ավելի շուտ կքննարկվի, քան նախատեսված էր ի սկզբանե` ապրիլին: «Ամենայն հավանականությամբ, բանաձեւը կքննարկվի ներկայիս կազմի կողմից նոյեմբերին կամ նորացված կազմով հունվարին: Երկու դեպքում էլ իրավիճակը բխում է հայերի շահերից»,- ասել է Կիրակոսյանը:

Կիրակոսյանը նշել է նաեւ, որ ընտրություններից հետո հնարավորինս աճել են հայկական լոբիի դիրքերը: