Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վճռական է տրամադրված կոռուպցիայի դեմ պայքարի հարցում։

Հունվարի 27-ի մամուլի ասուլիսի ժամանակ, ամփոփելով իր պաշտոնավարման 118 օրը, նախարարը շեշտել է, որ թույլ չի տա բանակի հաշվին հարստություն դիզել։

Նախարարի խոսքով, բանակը թե խոշոր գործատու է, թե խոշոր սպառող։ «Կարեւոր է, որ գնումները իրենց որակով լավագույնը լինեն ու գնով՝ ամենաէժանը։ Կնքված համաձայնագրերը, եթե չկան ֆորս մաժորային իրավիճակներ, պետք է կատարվեն ամբողջությամբ, իսկ անբարեխիղճ ձեռներեցների նկատմամբ կգործենք օրենքի ամբողջ խստությամբ։ Պետք է բացառել կոռուպցիայի հնարավորությունները ,այլ ոչ թե հետեւանքները վերացնենք»,- ասել է նախարարը։ Որպես առաջին օրինակ նա բերել է շինարարական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ վերջերս կայացած հանդիպումը։ Նմանատիպ հանդիպումներ կլինեն նաեւ մյուս ոլորտների ներկայացուցիչների հետ։ «Ուզում ենք բացառել միջնորդներին՝ մատակարարը պետք է կամ արտադրողը լինի, կամ ներմուծողը»,- նշել է նախարարը, հիշեցնելով, որ պատժի ձեւերը կարող են տարբեր լինել՝ տուգանքներից սկսած մինչեւ քրեական հետապնդում։

Վիգեն Սարգսյանի խոսքով մոտ օրերս ծրագրվում է մի ընկերության հետ փոխըմբռնման մասին հուշագիր ստորագրել ՝ ԶՈՒ-ում էներգետիկ աուդիտ անցկացնելու մասին։ «Կան մեծ ծախսեր էներգիայի ու գազի սպառման ոլորտում։ Պետք է քննարկենք, թե ինչ համակարգեր կարելի է ներդնել խնայողությունը բարձրացնելու համար։ Խնայած միջոցները կարելի է ուղղել սպառազինման գնումներին»,- նշել է նախարարը։