Իշխանամերձ քաղաքական շրջանակների գործընթացներն այս պահի դրությամբ կառավարելի են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն`անդրադառնալով վերջին շրջանում իշխանությունից անջատված գործիչների` Սեյրան Օհանյանի իշխանափոխության ծրագրին եւ Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ն լքելուն:
«Բավականին ժամանակ է` Հովիկ Աբրահամյանը Հանրապետական կուսակցության գործընթացներում, որոնք տեղի են ունենում կուսակցության ներսում, լուրջ դերակատար չի եղել: Քաղաքական խոհանոցին քիչ թե շատ ծանոթ մարդկանց համար Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ից դուրս գալը անսպասելի չէր: Հովիկ Աբրահամյանը այն մարդն էր, որ Հանրապետական կուսակցության ողջ գործունեության ընթացքում խիստ առանցքային դերակատարում է ունեցել` սկսած շտաբի պետերից, Ազգային ժողովից` որպես նախագահ, վարչապետ: Մի քանի ամիս է` նա ոչ մի մասնակցություն չուներ ՀՀԿ-ում տեղի ունեցող գործընթացներին»,- նշել է նա:
Ըստ պատգամավորի` իշխանամերձ շրջանակում տեղի ունեցող վերջին զարգացումները` Սեյրան Օհանյանի ոչ իշխանական ճամբարում հանգրվանելը, Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս քաղաքականությամբ զբաղվելը վկայում են համակարգի փտած լինելու մասին:
«Այդ երեւույթը որ կա քաղաքական գործընթացում, խոսում է Հայաստանի իշխանամերձ քաղաքական համակարգի փտած վիճակի մասին»:
Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի, Սեյրան Օհանյանի, Ծառուկյանի միավորված իշխանափոխություն իրականացնելու հավանականությանը, պատգամավորն ասաց. «Երբեք մի ասա երբեք սկզբունքով չեմ բացառում, որ նման բան կարող է լինել, բայց քիչ հավանական եմ համարում այս փուլում նման բան: Իշխանամերձ շրջանակների քաղաքական գործընթացներն այս պահի դրությամբ կառավարելի են»:




























