Հունվարի 31-ը ռուսական օղու ծննդյան օրն է: 1865 թվականին այս օրը հայտնի գիտնական, քիմիկոս Դմիտրի Մենդելեեւը Սանկտ Պետերբուրգում «Սպիրտը ջրի հետ միավորելու մասին» դոկտորական թեզ է պաշտպանել:

Ընդունված կարծիքի համաձայն՝ հենց Մենդելեեւին է հաջողվել գտնել կատարյալ համամասնությունը, որի շնորհիվ ստեղծվել է 40 աստիճան թնդությամբ լեգենդար ըմպելիքը: Այն այնպիսի վիթխարի հաջողություն է ձեռք բերել, որ 1894 թվականին երկրի կառավարությունը արտոնագրել է որպես ռուսական ազգային օղի: Այն կոչվել է «Մոսկովյան օսոբոյա»:

Մինչդեռ Մենդելեեւի աշխատությունն ամենեւին չէր դիտարկում մարդու օրգանիզմի վրա սպիրտի եւ ջրի միացության ազդեցության ուսումնասիրումը: Գիտնականի նպատակը չափաբանությունն էր՝ սպիրիտի լուծույթում հեղուկնեի տեսակարար կշռի հետազոտությունը՝ կախված դրանց խտությունից եւ ջերմաստիճանից:

Պատմաբանները կարծում են, որ սպիտակ հացի գինին դեռեւս 16-րդ դարում Ռուսաստան է բերվել Սկանդինավիայից կամ նույնիսկ 100 տարի ավելի վաղ Ջենովայից: Հայտնի է, որ Ռուսիայում թունդ ընպելիքներն օգտագործվել են արդեն 11-12-րդ դարերում, որոնց մեջ սպիրտի պարունակությունը հասել է մինչեւ 56 աստիճանի: