Uber առցանց տաքսի ծառայության հիմնադիր Թրեւիս Կալանիկը հանրության եւ սեփական աշխատակիցների քննադատության ֆոնին հեռացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առընթեր տնտեսական խորհրդից: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Աշխատակիցներին ուղղված նամակում Կալանիկը բացատրել է, որ շատերը խորհրդի աշխատանքներին իր ներգրավվածությունը որակել են որպես նոր նախագահի ներքին, այդ թվում՝ միգրացիոն քաղաքականությանն աջակցություն:
Փախստականների ընդունումը եւ մերձավորարեւելյան մի շարք պետությունների քաղաքացիներին մուտքի վիզայի տրամադրումը դադարեցնելու մասին Թրամփի որոշումը զայրացրել է Uber-ի վարորդներին, որոնց մեծ մասն Ասիայի երկրներից միգրանտներ են:
Uber ընկերությունը նախկինում նույնպես բացահայտորեն մտահոգություն է հայտնել Թրամփի միգրացիոն հրամանագրի առիթով՝ նշելով, որ դա կառնչվի ընկերության բազմաթիվ աշխատակիցների: Uber-ն արդեն 3 մլն դոլար է հատկացրել այդ հրամանագրի հետեւանքով տուժած վարորդներին:
Թրամփի տնտեսական խորհրդում ներառված են բազմաթիվ խոշոր գործարարներ, այդ թվում՝ SpaceX եւ Tesla Motors ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը: Վերջինն արդեն հայտարարել է, որ չի հեռանալու խորհրդից, քանի որ դա նախագահին բարեփոխումների մասին կարծիք փոխանցելու հնարավորություն է համարում:



























