Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստ է մահապատժի մորատորիում մտցնել, եթե դրան աջակցի բելառուսցիների մեծ մասը: Այս մասին նա հայտարարել է հասարակության, բելառուսական եւ արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն: 

Լուկաշենկոն նշել է, որ մահապատիժը չեղարկելու կամ դրա կիրառման մորատորիում  սահմանելու իրավունք չունի, քանի որ Բելառուսում անցկացված հանրաքվեով բնակչության մեծամասնությունն աջակցում է բարձրագույն պատժաչափին: Միեւնույն ժամանակ, նա առաջարկել է հասարակության շրջանում (խորհրդարանում, կուսակցություններում, հասարակական միավորումներում) այս հարցով բանավեճ ծավալել: Նրա խոսքով՝ եթե հետո մարդկանց հարցնեն եւ արդյունքում մեծամասնությունը քվեարկի մահապատժի դեմ, ապա նույն օրը հրաման կստորագրի:

Նրա խոսքով՝ մահապատժի հարցը հաճախ է քաղաքականացվում. «Ես հաճախ եմ եվրոպացիներին ասում՝ եկեք Ամերիկայից սկսենք: Դուք նրանց ստիպեք մահապատիժը չեղարկել: Եվ մյուսներին, ումից մեծ փողեր եք ստանում, ում հետ շփվում եք: Եկեք նրանցից սկսենք: Ահա եւ երկակի ստնդարտներ»: