Հիփոթեքային վարկերի 10-12 տոկոս շահույթից բանկերին է մնում 0,5 տոկոսից քիչ: Այս մասին փետրվարի 7-ին՝ խորհրդարանում հայտարարեց Կետրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ ելույթ ունենալով «Բնակարանային հիփոթեքային վարկավորման մասին» օրինագծի քննարկմանը: Օրինագծով սահմանափակվում են հիփոթեքային վարկառուներին ներկայացվող բանկերի պահանջները եւ պատժամիջոցները:

Ի պատասխան պատգամավորների այն դիտողություններին, թե բանկերը վարկային գերշահույթներից հարստանում են, Երիցյանը նշեց, որ 10-12 տոկոս հիփոթեքային վարկերից բանկերին մնում է 0,5 տոկոսից պակաս շահույթ: Բանկերի տոկոսադրույքները պայմանավորված են շուկայով: Նախ այստեղ կա երկրի վարկային ռիսկ (սովորաբար այն ընդունվում է այն բանի համար, թե երկրի պետական արժեթղթերի տոկոսադրույքը որքանով է բարձր ԱՄՆ-ի գանձարանի արժեթղթերի տոկոսադրույքից – խմբ.): Դրան ավելանում են երկրի ներսում անվճարունակության ռիսկերը, իր՝ բանկի տոկոսային ծախսերը (բնակչության ավանդների եւ այլ բանկերին վարկավորելու, եթե այդպիսիք կան): «Այնպես որ, փաստ է, որ շահույթն այստեղ չափազանց փոքր է»,- ասաց Երիցյանը: