Խիստ ծնողների երեխաները դպրոցում ավելի վատ են սովորում, պնդում են Պիտսբուրգի համալսարանի գիտնականները: Նրանք ուսումնասիրել են երեխայի վարքագծի ձեւավորման վրա խիստ դաստիարակության ուղղակի եւ անուղղակի հետեւանքները: Հետազոտության արդյունքների մասին հոդվածը հրապարակվել է Child Development ամսագրում:
Հետազոտության նախնական 1482 մասնակիցներին գիտնականները հետեւել են 9 տարի շարունակ՝ 7-րդ դասարանից սկսած: Վերջում մնացել է 1060 մասնակից: Նրանք պատկանում էին տարբեր ռասայի, սոցիալական խմբերի եւ տարբեր քաղաքներից էին:
Այն մասնակիցները, որոնց ծնողները խիստ պայմաններում են դաստիարակել, 9-րդ դասարանում հակված էին հեղինակավոր հասակակիցներին ենթարկվելուն, վտանգավոր վարքագիծ դրսեւորելուն, սեռական կյանքը վաղ սկսելուն: Այս ամենը հանգեցրել է ցածր առաջադիմության եւ դպրոցից կամ քոլեջից հեռացվելու հավանականության մեծացման:




























