Այսօր՝ փետրվարի 8-ին, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) միջազգային հասարակական կազմակերպության բրյուսելյան գրասենյակում տեղի է ունեցել միջոցառում՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մասնակցությամբ: Միջոցառմանը հաջորդել է քննարկում՝ Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակիվերաբերյալ: Արման Թաթոյանը ներկայացրել է այն նոր հնարավորությունները, որոնք տրվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին վերջին ժամանակաշրջանում, խոսքը, մասնավորապես, ինստիտուտի անդամների անձեռնմխելիության, Մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀ խորհրդարանում ունեցած մշտական ներկայացուցչության, եւ իրենց աշխատանքներում ՀԿ ոլորտի ներկայացուցիչների ներգրավվածության մասին է:

 «Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը այժմ ուժեղ է եւ իրավականորեն պաշտպանված՝ ավելի, քան այդպիսիք Արեւելյան Եվրոպայի այլ երկրներում»,-ասել է պարոն Թաթոյանը՝ հավելելով, որ հատկապես զարգացող համագործակցությունը հայաստանյան հասարակական կառույցների հետ նպաստում է ինստիտուտի աշխատանքների արդյունավետությանը: Պաշտպանի գրասենյակի գործունեության հիմնական ոլորտներն են՝ խոշտանգումների եւ ընտանեկան բռնության կանխարգելումը, խոսքի ազատության օժանդակումը եւ առաջիկա ընտրությունների իրավական մեխանիզմների ապահովումը:

 «Մենք ուրախ ենք, որ պարոն Թաթոյանը հնարավորություն ընձեռեց իրեն ուղղել բարդ հարցեր, եւ որ ԵՄ ինստիտուտներն ու միջազգային հասարակական կազմակերպությունները կարողացան «առաջին ձեռքից» տեղեկատվություն ստանալ Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ»,-միջոցառումը եզրափակել է EuFoA-ի գործող տնօրեն Մայքլ Քամբեքը: