Բարոյական շատ ավելի ճիշտ քայլ կլիներ, եթե ընկերները միշտ իրար հետ լինեն անկախ իրավիճակից: NEWS.am-ի հետ զրույցում  ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն այսպես արձագանքեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականին: 

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Իշխան Զաքարյանը հայտարարություն էր տարածել ՎՊ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին՝  նշելով, որ միանում է իր ընկեր Գագիկ Ծառուկյանին: Նա շուրջ մեկ ամիս է՝ արձակուրդում էր եւ  ղեկավարում է ԲՀԿ նախընտրական շտաբը:

«Յուրաքանչյուր անձ ինքն է ընտրում իր ճանապարհը եւ կարծում եմ, որ եթե բարոյականության շրջանակներում նմանատիպ հայտարարություններ են կատարվում, ապա ընկերները միշտ պետք է լինեն իրար հետ, անկախ ինչ վիճակում է ընկերը, եւ այս պահին միանալը, կամ  ընդամենը երկու տարի առաջ չմիանալը այնքան էլ բարոյականության շրջանակներից չէ: Կարծում եմ, որ բարոյական շատ ավելի ճիշտ քայլ կլիներ եթե ընկերները միշտ իրար հետ լինեն՝ անկախ իրավիճակից»,-ասաց Գագիկ Մելիքյանը:

Իշխան Զաքարյանի՝ ոչ իշխանական ընկերոջը միանալու հայտարարությունից ելնելով՝  պատգամավոր Գագիկ Մելիքյանն էլ հետեւյալ եզրահանգումն արեց.  «Այս պարագայում մենք կարող ենք հայտարարել, որ ընդդիմադիրների այն ցանկությունը, որ Վերահսկիչ պալատի նախագահը պետք է լինի ընդդիմադիր դաշտից, իշխանությունը վաղուց  իրականացրել է»: