Հայաստանում խորհրդարանական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կավարտվեն մի փուլով։ Այս մասին փետրվարի 10-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ, առաջին փուլից հետո, որում մասնակիցներից ոչ մեկը բացարձակ մեծամասնություն չի ստանա, 2 կամ 3 ուժ կմիավորվեն եւ կպայմանավորվեն կառավարություն ձեւավորելու շուրջ։

ՀՅԴ–ն ընտրություններին միայնակ է գնում, քանի որ ինքնանպատակ չի համարում ինչ–ինչ քանակով մանդատներ հավաքելը։ «Մեզ համար գլխավորն այն է, որ երկիրը չվերադառնա կառավարման նախկին համակարգին, երբ հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ։ Մենք կողմ ենք եղել պետական կառավարման համակարգի փոփոխությանը, մենք ուզում ենք ներկայացված լինել խորհրդարանում այն մակարդակով, որպեսզի խանգարենք նրանց, ովքեր կցանկանան իրադարձությունների զարգացումը հակադարձ շրջել»,– ասել է Ռուստամյանը՝ հրաժարվելով, սակայն, նշել նրանց անունները, որոնք կլինեն պատգամավորական ցուցակների առաջին տեղերում։

«Մենք կհրապարակենք ամեն բան սահմանված ժամկետներում՝ մինչեւ փետրվարի 16-ը։ Ցուցակում կլինեն եւ ՀՅԴ համախոհներ, եւ՛ ոչ կուսակցականներ։ Մենք միշտ աչքի ենք ընկել դրսից գաղափարակից համախոհներ ներգրավելով»,– ասել է Ռուստամյանը։