ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից չի վտարել։ Այս մասին փետրվարի 10-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հասցեին Սերժ Սարգսյանի նախկին բնութագրերին՝ Բաղդասարյանն ասաց, որ ՀՀԿ–ն ոչ ոքի չի հեռացնում եւ չի վտարում, այլ ուղղակի կատարվածին գնահատական է տալիս։ Քաղաքականությունից հեռանալու կամ վերադառնալու որոշումը Ծառուկյանն ինքնուրույն է կայացնում։
Հարցին, թե ինքը համաձայն է արդյոք, որ Գագիկ Ծառուկյանին թույլատրելի է անվանել հասարակության մեջ տարածված մականունով, ինչպես դա 2015–ի փետրվարին արեցին ՀՀ նախագահն ու ՀՀԿ անդամները, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանը եղել է եւ մնում է իմ ընկերը։ Նման մականուններ ես ոչ մեկին չեմ տալիս։ Քաղաքականության մեջ նա Գագիկ Ծառուկյան է եւ ուրիշ ոչ մի կերպ»։




























