Հայաստանում շատ ակտիվ եւ աննախադեպ նախընտրական գործընթացներ են ընթանում։ Այս մասին այսօր` փետրվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը։

«Շատ լայն թափ է ստացել դաշինքների ձևավորումը: Կան դաշինքներ, որոնք ձևավորվում են գաղափարի շուրջ, դաշինքներ, որոնք ձևավորվում են նպատակի շուրջ և կա նաև անցանկալի տարբերակը՝ դաշինքներ, որոնք ձևավորվում են ամբիցիաների բավարարման համար»,– ասաց Մինասյանը։

Մինասյանը նորմալ է համարում, որ այս ընտրություններն ըստ էության դարձել են դաշինքների ընտրություններ։

 «Դա նորմալ է, որովհետև մենք փոքր երկիր ենք և տասնյակ կուսակցություններ ունենալը, կարծում եմ, շռայլություն է: Այդ բոլոր քաղաքական ուժերը պիտի իրենց գաղափարների շուրջ միավորվեն, և հետագայում դրանք կարող են դառնալ քաղաքական ամբողջական կառույց, և կունենանք քանակով, ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում, մի ձեռքի մատների վրա հաշվվող կուսակցություններ: Սա էլ փուլ է, որ մենք կանցնենք և ժամանակի հետ կունենանք իսկապես կայացած կուսակցություններ և կայացած քաղաքական դաշտ»,– ասաց ՀՀԿ–ական պատգամավորը։