Ռուս մեծանուն գրող ԱԼեքսանդր Սերգեյի Գրիբոյեդովի մահվան տարելիցին, փետրվարի 11-ին, Ռուս-հայկական երիտասարդական միասնականություն ՀԿ-ի ակտիվիստները ծաղիկներ են դրել նրա հուշարձանի մոտ։ Կազմակերպության համար արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի ծաղիկներ դնելը, նաեւ Գրիբոյեդովի հիշատակին կլոր սեղաններ ու միջոցառումներ կազմակերպելը։

«Մենք հարգում ու հիշում ենք այն մեծ մարդկանց, ովքեր իրենց ծանրակշիռ ավանդն են ունեցել մեր երկրների պատմության մեջ։ Ա․Ս․ Գրիբոյեդովը Հայաստանում ամենահարգված դիվանագետներից Է եղել։ Հայերի դրության հանդեպ սրտացավությունը նրա դիվանագիտական գործունեության կարեւորագույն մասն է կազմել։ Նա եղել է Թուրքմենչայի պայմանագրի տեքստի հեղինակներից մեկը, նա է պնդել, որ այդ փաստաթղթում ընդգրկվի հատուկ կետ, որով հայերին թույլատրվում էր լքել ՊԱրսկաստանը ու վերադառնալ իրենց պատմական հայրենիք»,- իր ելույթում ասել է կազմակերպության փոխնախագահ Սերգեյ Վարդազարյանը։

Ռուս-հայկական երիտասարդական միասնականության ներկայացուցիչները նշել են, որ միայն հիշելով ու հարգելով անցյալը,նաեւ մեր ժողովուրդների պատմական ժառանգությունը, մենք կկարողանանք կառուցել մեծ ապագա։