Հայոց Ցեղասպանության մասին «Մեկ դար անց» բեմադրությունը Ֆրանսիայում ազգային շրջագայության կուղարկեն, հայտնում է La Provence պարբերականը:
Բեմադրությունը ղեկավարում է Ֆրանսիայի Հայ երիտասարդների միության «Արաքս-Սասուն» համույթի ղեկավար Պասկալ Շամասյանը: «Մենք որպես հիմք վերցրել ենք հայկական ազգային երաժշտությունը եւ միավորել ենք այն ազդեցությունները, որոնցով այն տարիներ շարունակ հարստացել է»,- ասել է նա: Սա հայկական թեմաներով համույթի արդեն երրորդ աշխատանքն է՝ «Վանուշ՝ Հայաստանի լեգենդ» եւ «Իմ սեր, Արարատ» աշխատանքներից հետո:
Նոր աշխատանքը ցանկանում ենք ցուցադրել ոչ միայն հայ համայնքին: «Մենք ցանկանում ենք հասցնել նաեւ այն քաղաքների հանդիսատեսին, որտեղ հայկական խոշոր համայնքներ չկան, օրինակ՝ Լիլում: Մեր խնդիրն է դիմել բոլոր՝ ցանկացած ծագմամբ մարդկանց զգացումներին»,- ընդգծել է Պասկալ Շամասյանը:



























