Բարի քաղաքի պատմության մեջ նկատելի է Հրանտ Նազարյանցի՝ մշակույթի խոշոր գործչի դերը, հայտնում է իտալական Il Mesaggero Italiano պարբերականը: Ցավոք, նրան այսօր քչերն են հիշում, բայց նրա հիշատակը չպետք է անհետանա, նշված է պարբերականում:
Հրանտ Նազարյանցը ծնվել է 1886 թվականի հունվարի 8-ին, Կոստանդնուպոլսում, հայտնի ընտանիքում: Մի քանի տարի սովորել է Լոնդոնում եւ Փարիզում: Այնուհետեւ որոշել է հայրենիք վերադառնալ եւ իրեն նվիրել է լրագրությանն ու հրապարակախոսությանը, նաեւ արտասահմանյան գրականության լուսաբանմանը:
Սակայն արդեն փչում էին պատերազմի քաիները. 1913 թվականին Նազարյանցին երկու մեղադրանք են առաջադրել, որոնց համար նրան մահապատիժ էր սպառնում: Հավանաբար օսմանյան իշխանություններին հաճո չի եղել նրա քաղաքական ակտիվությունը: Նա 1915-ից կարճ ժամանակ առաջ ապաստան է գտել Իտալիայում՝ Բարի քաղաքում, որից հետո այլեւս հայրենիք չի վերադարձել:
Այստեղ նա իր խնդիրն է համարել իտալացի հանրությանը հայկական հարցի մասին ճշմարտության ներկայացումը: Քաղաքում նա Նոր Արաքս թաղամաս է հիմնել: Այստեղ ապաստանում էին փախստականները, որոնք նոր վայրում կրկին իրենց արհեստներով էին զբաղվում:
Նազարյանցը կապ է հաստատել Իտալիայի այլ մարզերում հաստատված հայերի եւ Իտալիայի մտավորականության հետ:
Բանաստեղծ Էնրիկո Կարդիլեն 1939 թվականին նրա մասին գրել է. «Իտալիայում վերածնվել է հայ ժողովրդի ազատությունը, որը տառապել է թուրքերի եւ ավելի շատ նրանց զենքը դարձած քրդերի դաժանություններից: Բայց հանուն Հայաստանի շարժումն այստեղ շարունակում է կենդանի մնալ, հատկապես ազատության մունետիկ եւ մարդության ընդհանրության բանաստեղծ Հրանտ Նազարյանցի աշխատություններով»:



























