Փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Տավուշի մարզում:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Դիլիջանում ՀՀ պաշտպանության նախարարն անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում ՊՆ, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ վարչությունների պետերն ըստ ուղղությունների ներկայացրել են ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը ՀՀ ԿԱ ՊԵԿ նախկին ուսումնական կենտրոն տեղափոխման եւ ռազմակրթական կառույցի վերափոխման հետ կապված խնդիրներն ու առաջարկները: Սեպտեմբերի 1-ից ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը կունենա շենքային նոր ժամանակակից պայմաններ, ուսումնական լավագույն բազա, ռազմակրթական ու մշակութային հագեցած ծրագրեր:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է, որ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը պետք է դառնա հանրապետության առաջատար ավագ դպրոցը՝ գրավիչ պայմաններ ու անվճար կրթություն ապահովելով այն երիտասարդների համար, ովքեր ընտրում են ռազմական կրթությունը: Վիգեն Սարգսյանը հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին մինչեւ նոր ուսումնական տարվա մեկնարկը մոնթեականների համար կրթական բարենպաստ միջավայր ստեղծելու վերաբերյալ:

Դիլիջանի «Թումո» կենտրոնում Վիգեն Սարգսյանը մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարության եւ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի համատեղ նախաձեռնության մեկնարկին: Պաշտպանական գերատեսչության եւ կրթական հիմնադրամի միջեւ կնքված հուշագրով նախատեսված համագործակցության շրջանակում հիմնադրամի ծրագիր հանդիսացող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հատուկ ծրագրով պարտադիր ժամկետային զինծառայողներին ուսուցանելու է 21-րդ դարի հմտություններ: «Թումո» կենտրոնների մերձակա զորամասերի զինծառայողները հմտություններ ձեռք կբերեն համակարգչային ծրագրավորման, ռոբոտաշինության եւ համակարգչային գրաֆիկայի, թվային երաժշտության ստեղծման ուղղությամբ: «Ծրագրի գլխավոր նպատակն այն է, որ ժամկետային զինծառայողներին կարողանանք տալ համակարգչային գիտելիքներ, նաեւ ստեղծենք պայմաններ, որպեսզի զինծառայողը հենց զորամասում կարողանա շարունակել ուսումը»,- նշել է ՀՀ պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ դասընթացներն ավարտելուց հետո ժամկետային զինծառայողները կստանան նվազագույն մակարդակի համակարգչային ծրագրավորման գիտելիքներ:

Դիլիջանի համայնքապետարանում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ղեկավարներին: Հանդիպման առանցքում սահմանամերձ համայնքների խնդիրների քննարկումն էր: Հաշվի առնելով սահմանամերձ գյուղական համայնքներում պաշտպանական ոլորտին առնչություն ունեցող խնդիրների կարեւորությունը եւ դրանց համակարգային լուծման անհրաժեշտությունը` Վիգեն Սարգսյանն առաջարկել է ձեւավորել մշտական գործող միջգերատեսչական հանձնաժողով` պաշտպանության նախարարի գլխավորությամբ, եւ հանձնաժողովին կից սահմանամերձ համայնքների ղեկավարների խորհուրդ:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը աշխատանքային այցի շրջանակում եղել է Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկում` 2016թ. ուսումնական տարվա մարտական հերթապահության արդյունքներով լավագույնը ճանաչված զորամասում: Վիգեն Սարգսյանը զորամասի հրամանատարությանն է հանձնել լավագույն զորամասի պատվոդրոշը, խրախուսել է բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած սպաներին ու ժամկետային զինծառայողներին:

ՀՀ պաշտպանության նախարարը շրջել է զորամասում, ծանոթացել զորանոցային, սոցիալ-կենցաղային պայմաններին, հետաքրքրվել զինծառայողների առօրյայով:

Տավուշի մարզ կատարած այցելության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եղել է նաեւ Բերդավան եւ Դովեղ համայնքներում, սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ քննարկել նրանց հուզող խնդիրները: Հանդիպումների ընթացքում պաշտպանության նախարարն ընդգծել է, որ սահմանամերձ համայքները բացառիկ նշանակություն ունեն մեր պետության եւ զինված ուժերի հետագա առաջընթացի համար, ուստի համայնքների բնակիչներին հուզող խնդիրներն էլ պաշտպանական ու անվտանգության տեսանկյունից եղել եւ շարունակելու են մնալ հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում: