25-ամյա Արտավազդ Բադելյանը Սպիտակից է, բայց գրեթե ողջ կյանքի ընթացքում ապրել է Կրասնոյարսկի երկրամասում: Մոտ 18 ամիս առաջ նա Հայաստան է եկել եւ ծառայության անցել բանակում, չնայած հայերեն ոչ մի բառ չգիտեր: Նրան սկսել են մայրենի լեզուն սովորեցնել զինակիցները, իսկ ինքն էլ նրանց ռուսերեն է սովորեցրել:

Արտավազդը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ բանակում շատերի հետ է ընկերացել, միմյանց իրենց փորձն ու գիտելիքներն են փոխանցում: Նրա խոսքով՝ նրանց շնորհիվ սկսել է քիչ թե շատ հայերեն հասկանալ եւ խոսել, չնայած՝ առայժմ մեծ դժվարությամբ: Բացի այդ, նրա խոսքով, այս 18 ամիսներին հետաքրքիր շատ բան է տեղի ունեցել, ինչը նա ապագայում հաճույքով կմտաբերի՝ ե՛ւ մարզումները, ե՛ւ զինվորների միջեւ մրցությունները, ե՛ւ շատ այլ բաներ:

Զորացրվելուց հետո Արտավազդը ծրագրել է հայուհու հետ ամուսնանալ, իսկ թե կշարունակի՞ հետագայում Հայաստանում ապրել, թե՞ կրկին Ռուսաստան կմեկնի՝ դեռեւս չգիտի:

Երեկ՝ փետրվարի 11-ին, Արտավազդը եւ եւս 19 զինվորներ, որոնք աչքի են ընկել զինծառայության ընթացքում, մասնակցել են Սուրբ Սարգսի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ելույթով դիմել է զինվորներին եւ նրանց ծնողներին, որից հետո Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը նրանց պարգեւներ է հանձնել, որոնց թվում՝ հատուկ նրանց համար պատվիրված խաչեր:

Արտավազդի խոսքով՝ իրեն պարգեւատրել են 2016-ի ապրիլի 2-ին ռազմական գործողություններին մասնակցելու համար, երբ ինքն իր ընկերների հետ ետ է մղել դիտակետերից մեկը գրաված ադրբեջանցիներին: Այդ օրն իրենք 4 մարտական ընկեր են կորցրել, եւ չնայած նրանցից ոչ մեկն Արտավազդի մտերիմ ընկերը չէր, ինքը նրանց մասին շատ հաճախ է մտածում եւ նրանց անունները երբեք չի մոռանա: