ՕՊԵԿ-ի անդամները արդյունահանման կրճատման համաձայնագիրը կատարում են 92 տոկոսով, իսկ ՕՊԵԿ-ի կազմի մեջ չմտնող երկրները՝ 50 տոկոսով: Այս մասին հայտարարել է Քուվեյթի նավթի նախարար Ասամ ալ Մարզուկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Փետրվարին ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող 4 երկրների հետ կքննարկենք կրճատման մեծացման հարցը: Մեր նպատակն է երկրների կողմից պարտավորությունների 100 տոկոսով կատարումը»,- ասել է նա՝ չհստակեցնելով, թե հատկապես որ 4 երկրներին է նկատի ունեցել:

Անցած շաբաթվա վերջին Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԵԳ) հայտնել է, որ ՕՊԵԿ կազմի մեջ չմտնող եւ նավթի արդյունահանման կրճատման գործարքին մասնակցող 11 երկրներ հունվարին արտադրությունը կրճատել են օրական 269 հազար բարելով, որը ծրագրածի 48 տոկոսն է կազմում: 11 ռեզիդենտների թվում են Ադրբեջանը, Բահրեյնը, Բրունեյը, Հասարակածային Գվինեան, Ղազախստանը, Մալայզիան, Մեքսիկան, Օմանը, Ռուսաստանը, Սուդանի եւ Հարավային Սուդանի հանրապետությունները: