ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ընդդիմադիր հայտարարությունների ժամանակ չունի, նա պետք է աշխատի։ Այս մասին փետրվար 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ  բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Դիտարկմանը, թե Արծվիկ Մինասյանը, երբ պատգամավոր էր, անդադար խոսում էր երկրում տիրող կողոպուտի մասին, Ռուստամյանը պատասխանել է․ «Երբ Արծվիկ Մինասյանը գտնվում էր ընդդիմությունում՝ ինչպես մեր ամբողջ կուսակցությունը, բնականաբար պետք է խոսեր ընդդիմության ոճով։ Այժմ նա նախարար է։ Իշխանությունը պետք է գործի, ոչ թե խոսի։ Իշխանությանը գործերով են գնահատում։ Եվ ես շատ ուրախ եմ, որ նա չի խոսում այն նույն ծավալով, որով խոսում էր Ազգային ժողովում։ Դա տրամաբանական է, նա դրա ժամանակը չունի, նա պետք է աշխատի եւ լուծի խնդիրները»։