Ազատամարտիկների դաշինքը, որը ձեւավորվեց Լեւոն Տեր–Պետրոսյանի եւ Գագիկ Ծառուկյանի  բուրժուադեմոկրատական հեղափոխությանը սատարելու նպատակով, այսօր հայտարարել է, որ միանալու է Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան դաշինքին։ Նրանք համարում են, որ իրենք միացել են պաշտպանության նախկին նախարար, իրենց  մարտական ընկեր Սեյրան Օհանյանի պայքարին։ Մինչդեռ երբ ազատամարտիկները Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարի էին լծվել, պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սեյրան Օհանյանը այդ նույն մարտական ընկերներին, որոշ տեղեկությունների համաձայն, հրավիրում էր իր աշխատասենյակ եւ համոզում, որ հետ կանգնեն Սերժ Սարգսյանի դեմ պայքարի ծրագրից։ Ավելին՝ երբ ազատամարտիկներ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին, եւ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին ծեծեց ոստիկանության ներքին զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը, Սեյրան Օհանյանը չդատապարտեց քաղաքական հայացքների  համար իր զինակից ընկերներին բռնության ենթարկելը։ Թե ինչը ստիպեց ազատամարտիկներին համախմբվել Սեյրան Օհանյանի շուրջ, NEWS.am–ի հետ զրույցում մանրամասնել է Ռազմիկ Պետրոսյանը։

Պարոն Պետրոսյան, ինչո՞ւ որոշեցիք միանալ Սեյրան Օհանյանի ձեւավորած դաշինքին,  առավել եւս, որ ժամանակին Սեյրան Օհանյանը իր պարտքն էր համարում ձեզ հետ պահել նույն իշխանության դեմ պայքարից։ 

Ես ինքս զինվորական եմ եւ գիտեմ, որ ծառայության ժամանակ բոլորը կատարող մարդիկ են՝ այդ թվում պաշտպանության նախարարը։ Նա պետք է կատարի գլխավոր գերագույն հրամանատարի հրամանը։ Հիմա մենք հետաքրքիր ժողովուրդ ենք, նրանք, ովքեր իշխանություններին ծառայելով՝ տեսնում են, որ էնտեղ մնալը հանցագործություն է, ուզում են իրենց մեջքը ուղղեն, դարձի գալ, ծառայել ժողովրդին, մենք պայքարում ենք դրանց դեմ։ Իհարկե, մենք չենք ասում, որ այդ մարդիկ  չպետք է պատասխան տան իրենց նախկինում կատարած սխալների համար։

Երբ  քաղաքական հայացքների համար Ձեզ եւ Մանվել Եղիազարյանին ծեծեցին, Սեյրան Օհանյանը ոչ մի դատապարտող խոսք չասաց, սա ձեզ համար նշանակություն չունի՞։

Ոչ միայն Սեյրան Օհանյանը, ովքեր որ եղել են իշխանության մեջ, ականջալուր կատարել են էն, ինչ որ ասել են, կամ պետք է պոկվեին դուրս գային իշխանությունից, հիմա  էս մարդը մի գուցե մի քիչ ուշ, բայց դուրս է եկել այստեղից։ Եթե շատերին կարելի էր չներել, ապա կան մարդիկ, որ կյանք են դրել երկրի համար, մենք էսօր  հակված ենք էդ տղերքին ներելու։ Մինչեւ որոշում կայացնելը մենք այս խնդիրների մասին խոսել ենք։ Հիմա էսօր մարդը ընդունելով իր սխալները՝ գալիս  կանգնում է ժողովրդի կողքին, որպեսզի թույլ չտա, որ երկիրը վերջնականապես կործանվի, մենք էսօր պիտի էդ մարդկանց օգնենք։ Ես միշտ ասել եմ՝ մեր ընկերներից շատերը, որ էսօր ծառայում են իշխանություններին, հենց հիմա եթե հրաժարվեն գան կանգնեն ժողովրդի կողքին, ես իրանց գրկաբաց կընդունեմ։

Երբ դուք  Ազատության հրապարակում խոսում էիք իշխանության բացթողումների մասին եւ պահանջում էիք, որ օր առաջ հեռանան, Սեյրան Օհանյանը ձեզ կանչում էր իր աշխատասենյակ եւ խորհուրդ տալիս հետ կանգնել այդ պայքարից։ Այդ ժամանակ  նա չէ՞ր  հասկացել՝  ինչ է կատարվում երկրում, ինչո՞ւ չէր միանում ձեզ։

Էսպիսի խոսք կա. որքան դեմքով կանգնում ենք անցյալը, այնքան մեջքով՝ ապագան։ Մենք մի խնդիր ունենք. բոլորի միջոցները պիտի օգտագործենք այս իշխանություններից ազատվելու համար։  Էսօր մենք ոչ թե պիտի պայքարենք նրանց դեմ, որոնք էսօր պայքարում են իշխանության դեմ, թեկուզ եթե ունեցել են բացթողումներ, այլ  պիտի պայքարենք նրանց դեմ, որոնք մնացել են իշխանության շարքերում։

Օհանյանը պայքարի լծվեց, երբ կառավարության փոփոխությունից հետո Սերժ Սարգսյանը նրան չվերանշանակեց պաշտպանության նախարարի պաշտոնում։ Կան կարծիքներ, որ իշխանափոխություն անելու նրա մղումը անձնական վրեժխնդրություն է։ Դուք ի՞նչ կարծիքի եք։

 Ես Սեյրան Օհանյանի մարտական ընկերն եմ, եւ Սեյրան Օհանյանին մարտական դաշտից գիտեմ։ Հիմա քաղաքական դաշտում էսօր ով ուզում է լինի, ովքեր կառչել են իշխանություններից, պիտի կատարեն նրանց պատվերը։ Քանի իշխանության մեջ էր, բնականաբար, պիտի ծառայեր այդ իշխանություններին ու լիներ ժողովրդի դեմ։ Եթե մարդը էսօր կամավոր եկել է՝ ընդունելով իր սխալները, որը եթե կատարել է, ես իր փաստաբանը չեմ.... Նա ունի անցյալ, իր կյանքն է դրել երկրի համար, էսօր եթե պատրաստ է իր երկրին ծառայելու, իհարկե, պետք է կանգնենք իր կողքին։ Անձնական վրեժխնդրություն կլինի, թե երկիրը այս վիճակից հանելու պատրվակով կլինի, էական չէ, եթե պայքարում են, մենք ընդունում ենք։ Մենք վստահում ենք Սեյրան Օհանյանին։ Մենք կարեւոր հարցերը իր հետ հստակեցրել ենք, նոր կանգնել իր կողքին։ Մենք ավելի բարդ հարցեր ենք տվել եւ պատասխան ստացել։

 Վստա՞հ եք, որ Սեյրան Օհանյանը իշխանության ճնշումների դեպքում չի լքի պայքարի հարթակը՝ ինչպես Գագիկ Ծառուկյանը։

Ազատամարտիկների դաշինքը իր առջեւ խնդիր էր դրել լայն դաշինք ձեւավորել եւ ականատես եղանք, որ շատ ուժեր ուզում էին միասնական ճակատով հանդես գալ, բայց վերջին պահին որոշակի խնդիրների պատճառով չստացվեց, այնպես որ մեր խնդիրը այս ուժին պառլամենտ հասցնելուց առաջ նախ պիտի երաշխիք ունենանք, որ կարգավիճակը չեն փոխելու։ Մեր ներկայությունը նաեւ այն է, որ իրենց որդեգրած ուղուց չկարողանան շեղվել։ Մենք մի անգամ ականատես եղել ենք, որ բիրտ ուժ կիրառելու մթնոլորտում բան փոխվեց։ Սա քաղաքական նորմալ ընտրություն է։ Մենք պետք է կարողանանք հնարավորության սահմաններում բան փոխել։