Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել Վարուժան Ավետիսյանի, Ժիրայր Սեֆիլյանի եւ Մարտիրոս Հակոբյանի պահման վայրերի վերաբերյալ:
Ըստ տարածած հաղորդագրության` 2016 թվականի Նոյեմբերի 29-ին ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղաբաշխված կալանավորված անձանց՝ Վարուժան Ավետիսյանի, Ժիրայր Սեֆիլյանի եւ Մարտիրոս Հակոբյանի պահման պայմանների ուսումնասիրության նպատակով, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման եւ Արագ արձագանքման վարչությունների մասնագետներն այսօր` փետրվարի 15-ին, չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
Կատարված այցելության ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանց՝ Վարուժան Ավետիսյանի, Ժիրայր Սեֆիլյանի եւ Մարտիրոս Հակոբյանի հետ, մանրամասն ուսումնասիրել վերջիններիս խցային պայմանները:
Մարտիրոս Հակոբյանը բարձրացրել է կենցաղի ապահովման հետ կապված հարցեր, որոնք աշխատանքային կարգով քննարկվել են վարչակազմի հետ։ Պահման պայմանների վերաբերյալ այլ հարցեր չեն բարձրացվել:
Ժիրայր Սեֆիլյանի կողմից բարձրացվել է իր պաշտպանի տեսակցելու թույլտվությունը մերժելու մասին հարցը: Պաշտպանի տեսակցելու թույլտվությունը մերժելու, ինչպես նաեւ արձանագրված այլ խնդիրների կապակցությամբ Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման ընթացակարգ:
Քրեակատարողական հիմնարկներ իրականացվող չհայտարարված այցելությունները կրելու են շարունակական բնույթ:



























