Բազմազավակ մայր Նարինե Մանուկյանը 3 տարի է իր երեխաների հետ միասին ապրում է Գյումրի քաղաքի տնակներից մեկում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Նարինեն, ասելով, որ ինքը լրիվ մենակ է, չի աշխատում, ամուսինն էլ չի օգնում։
«3 տարի առաջ Ամասիայի շրջանի Բյուրակն գյուղից տեղափոխվել ենք Գյումրի, քանի որ այն վարձով բնակարանը, որտեղ ապրում էինք, վաճառեցին։ Այդ ժամանակ ամուսինս դեռ մեզ հետ էր։ Գյումրի տեղափոխվելուց հետո նա մեկնեց ՌԴ արտագնա աշխատանքի եւ այլեւս չի վերադարձել։ Նա չի զանգում, ոչնչով չի օգնում, ոչնչով չի հետաքրքրվում»,-պատմեց նա։
Նրա խոսքով՝ այս տնակում էլ են վարձով ապրում։ Ապրուստի միակ միջոցը նպաստն է՝ 35 հազար դրամի չափով։
«Դիմել եմ քաղաքապետարան, որ տուն տան, որպես միայնակ եւ բազմազավակ մոր, սակայն ոչ մի նորություն։ Ասում են՝ բարերար պետք է հայտնվի, որ կարողանանք օգնել»,-ասաց նա։
Նարինեն նաեւ պատմեց, որ տնակում անգամ լողանալու պայմաններ չկան. «Քաղաքապետարանից բաղնիքի կտրոն ենք վերցրել, որ գոնե մաքուր լինենք»։
Մոր խոսքով՝ երեխաները՝ 12, 10 եւ 5 տարեկան, դպրոց ու մանկապարտեզ են հաճախում ու մի մեծ երազանք ունեն՝ ապրել սեփական տանիքի տակ։ Նարինեի ավագ որդին հիվանդ է «պարբերական» կամ «հայկական» կոչվող հիվանդությամբ։ Նրա խոսքով՝ դեղորայքը հիվանդանոցից ստանում են, սակայն ժամանակ առ ժամանակ հիվանդանոցը չի հատկացնում, երեխան ցավերի մեջ տանջվում է, տենդի մեջ է ընկնում։
.jpg)



























