Սեւանա լիճն արդեն տեւական ժամանակ սառույցի տակ է:

NEWS.am-ի թղթակիցը Սեւանա լճից հայտնում է, թե ափամերձ հատվածում մի քանի տասնյակ մետր պինդ սառույց է, որի վրայով հանգիստ կարելի է զբոսնել:

Նշենք, որ պայմանավորված 2017թ. եղանակային պայմանների առանձնահատկություններով՝ փետրվարի 3-ից Մեծ Սեւանում ձեւավորվել է համատարած սառցածածկ, իսկ Փոքր Սեւանը սառցապատ է մասամբ (80-90%), սառցի հաստությունը հասնում է 10-15 սմ:

Ըստ ԱԻՆ մասնագետների, լճի վրա ձեւավորվել է համատարած սառցածածկույթ, որից լիճն ազատվում է մարտի վերջերին-ապրիլի սկզբին:

Ըստ պատմական տվյալների դիտարկումների՝ ամենից շուտ Սեւանա լիճը սառչել է 2008թ. հունվարի 14-ին, իսկ ամենից ուշ՝ 1959թ. փետրվարի 28-ին, ընդ որում, ամենաերկար սառցածածկույթ պահպանվել է 1972թ.-ին` մոտ 85 օր, առավելագույն հաստությունը՝ 40-45սմ:

Ընդհանուր առմամբ լճի համատարած սառցակալումը ունի եւ՛ դրական, եւ՛ բացասական կողմեր: Դրականն այն է, որ սառցածածկի պայմաններում գրեթե բացակայում է գոլորշացումը, որը փետրվար ամսին օրական միջին հաշվով կազմում է 1,1 մլն խոր.մ ջուր: Բացասական կողմերից է այն, որ լճի վրա առաջացած մակերեւութային սառույցը խոչընդոտում է ջրում թթվածնի լուծունակությանը եւ պակասում է թթվածնի քանակությունը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մոտ 10 օր առաջ հորդորել էր ափամերձ բնակավայրերի բնակիչներին լճի վրայով չքայլել եւ ավտոմեքենա չվարել, քանի որ սառցածածկի հզորությունը մեծ չէ եւ կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների: