Բռնցքամարտիկ Մոհամմեդ Ալիի որդուն ձերբակալել են Ֆլորիդայի «Ֆորտ Լոդերդեյլ» միջազգային օդանավակայանում: Miami New Times պարբերականը հայտնում է, որ դա տեղի է ունեցել փետրվարի 7-ին, երբ Մոհամմեդ Ալի կրտսերը մոր հետ վերադարձել է Ջամայկայից:

Նա ստիպված էր 2 ժամ զրուցել ներգաղթի ծառայության աշխատակիցների հետ, նրան դավանանքին վերաբերող հարցեր են տրվել (Ալի կրտսերը մուսուլման է): Նախկին դաշնային դատախազ եւ ընտանիքի բարեկամ Քրիս Մանչինին նշել է, որ ականավոր բռնցքամարտիկի որդին քրեական անցյալ չունի, նա ԱՄՆ-ի քաղաքացի է: Մանչինին համոզված է, որ միջադեպը կապ ունի նախագահ Թրամփի հրամանի հետ: «Սա վրդովեցուցիչ է: Այս երկրում մենք չենք զբաղվում կրոնական պատճառներով խտրականությամբ»,- նշել է նա: