«Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակում կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն այսօր՝ մարտի 1-ին, հյուրընկալել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Յան Պետերսենին եւ դիտորդական առաքելության քաղաքական վերլուծաբան Դանիելա Դիակոնուին։ Հանդիպմանը մասնակցում էին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համապետական ընտրական ցուցակի 3-րդ համար Ստյոպա Սաֆարյանը, կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը եւ մամուլի խոսնակ Սոնա Մինասյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին առնչվող հարցեր, ինչպես նաեւ նախընտրական քարոզարշավին առնչվող քաղաքական, իրավական եւ կազմակերպչական խնդիրներ։
Երկուստեք կարեւորվեց ընտրությունների ազատ եւ թափանցիկ անցկացումը, ընտրակեղծիքները կանխելու եւ ընտրությունների ընթացքը վերահսկելու առումով շեշտվեց ընտրական տեղամասերում դիտորդական առաքելությունների եւ վստահված անձանց ներկայացվածության անհրաժեշտությունը։




























