Բորբոսի նմուշը, որը մոտ 90 տարի առաջ աճեցրել է Ալեքսանդր Ֆլեմինգը, Լոնդոնում՝ աճուրդում վաճառվել է 14.617 դոլարով, հաղորդում է NPR կայքը։ Գնորդը ցանկացել է անհայտ մնալ։
Նմուշը պահպանվել է ապակե տարայում՝ մակագրված՝ «բորբոս, որից առաջին անգամ ստացվել է պենիցելինը»։ Ի դեպ, այն առաջինն անվանել հազիվ թե կարելի է։ Ֆլեմինգը բորբոսի տասնյակ տարաներ է ունեցել, որոնք ուղարկում էր իր սաներին ու աշակերտներին՝ ինչպես սրբություն։
Ֆլեմինգը պենիցելինը գրեթե պատահաբար է բացահայտել։ 1928-ին բակտերիաների տարայի մեջ են ընկել բորբոսասնկի սպորները, եւ պարզվել է, որ դրանք կարող են ոչնչացնել բակտերիաները։




























