Իսպանիայի ռեստորաններից մեկից փախել են 120 հաճախորդներ, որոնք հաշիվը չէին վճարել: Նրանք հաստատությանը պարտք են մնացել 2 հազար եվրո, հայտնում է BBC News-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Բեմբիրե քաղաքում: El Carmen ռեստորանի հյուրերի ընկերախումբը, որոնք ծագումով Ռումինիայից են, նշել են երեխայի մկրտությունը: Խնջույքից առաջ նրանք 900 եվրոյի կանխավճար էին արել: Հաճախորդները հասցրել են ուտել ուտեստները, հիմնական ճաշատեսակը եւ խմել 30 շիշ ալկոհոլ:

Հյուրերը ռեստորանից փախել են աղանդերի մատուցումից առաջ: «Ամեն ինչ տեղի է ունեցել մեկ րոպեի ընթացքում»,- ասել է ռեստորանի տերը: Նա ոստիկաններին հայտնել է այն ամենն, ինչ իմացել է հաճախորդների մասին: Իրավապահներն առայժմ նրանցից ոչ մեկին չեն հայտնաբերել:

Ռեստորանատերը չի հավատում, որ իր վնասը կփոխհատուցեն: Նրա խոսքով՝ ռեստորանային ինդուստրիայում 35 տարվա աշխատանքի ընթացքում առաջին անգամ է նման միջադեպի բախվում: