Ընդունված է համարել, որ մարդկանց զգացմունքներն ու մտքերը կարելի է հասկանալ նրանց դեմքի արտահայտությամբ ու վարքագծով, հետեւաբար բավական է ուշադիր հետեւել նրանց՝ հասկանալու համար,թե ինչ են նրանք զգում։ Սակայն միայն կողքից դիտելը բավական չէ։ Չիկագոյի համալսարանի անցկացրած հետազոտությունը ցույց է տալիս, որ եթե ուզում ես իսկապես հասկանալ որեւէ մեկին, շատ ավելի օգտակար է քեզ նրա դրության մեջ պատկերացնելը։

Պատահական չէ, որ մարդիկ սկսում են ուրիշներին ավելի լավ հասկանալ, երբ հայտնվում են նրանց դրության մեջ՝ քանի դեռ մարդու հետ նման մի բան տեղի չի ունեցել, նա հաճախ անհրաժեշտ չի համարում մտածել, թե ինչու է այդ մարդն իրեն այս կամ այն կերպ պահում։ Որեւէ մեկի վարքագծի մասին դատելիս՝ մարդիկ սովորաբար հիմք են ընդունում իրենց դիտարկումները։ Իսկ եթե նա ինքը փորձի նույնը անել, արդեն սեփական փորձով ամեն ինչ կիմանա։

Այնպես որ չարժե կարծել, թե ամեն ինչ կարելի է հասկանալ մարդու դեմքի արտահայտությունից, կամ էլ նրա հետ մի երկու րոպե խոսելով։ Եթե իրոք ուզում եք հասկանալ մարդուն՝ գործի դրեք ձեր երեւակայությունը, այդ դեպքում ավելի լավ կհասկանաք, թե ինչով է բացատրվում դիմացինի վարքագիծը։