ԱՄՆ-ում ընտանեկան զույգը դատի է տվել Ջորջիա նահանգի իշխանություններին` դստերը ծննդյան վկայական տալ մերժելու համար, ում Ալլահ ազգանունն են տվել, հաղորդում է BBC-ն:
Նահանգի առողջապահության նախարարությունը հրաժարվում է 22 ամսական աղջնակին ծննդյան վկայական տալ, որտեղ կգրվի այդ ազգանունը:
Աղջկա ծնողները` Էլիզաբթ Հենդին եւ Բիլալ Ուոլքը որոշել են իրենց դստերն անվանել ԶելիՔհա Գրեյսֆուլ Լորեյնա Ալլահ:
Սակայն նահանգի օրենքի համաձայն` երեխան պետք է կրի հոր կամ մոր ազգանունը կամ երկուսինը միասին: Ուստի, նահանգի իշխանությունները հրաժարվում են գրանցել Ալլահ ազգանունը, որը չեն կրում ո՛չ նրա հայրը, ո՛չ մայրը:
Ծնողների անունից նահանգի առողջապահության նախարարության դեմ հայց է ներկայացրել Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միության Ջորջիայի մասնաճյուղը:
Ի դեպ, արաբերեն «Ալլահ» նշանակում է «Աստված»:




























