Ես իրատեսական եմ համարում այն ծրագրերը, որոնց ֆինանսավորումներն արդեն կան, երբ կա ներդրումային ծրագիր, կա ֆինանսավորող եւ կա իրականացնող։ Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ են իրատեսական նախընտրական շրջանում «Ծառուկյան» դաշինքի կողմից 15 մլրդ դոլարի եւ Վարչապետի կողմից 3,2 մլրդ դոլարի ներդրումների մասին խոստումները:

«Մինչեւ չլինեն ծրագրերը, չլինեն աղբյուրները, ես չեմ հավատա»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե դա վերաբերում է նաեւ վարչապետի նշած 3,2 մլրդ դոլարի ներդրումների՞ն, նախարարը պատասխանեց. «Վարչապետի հայտարարած 3.2 մլրդ ներդրումների տակ կան կոնկրետ ծրագրեր եւ կոնկրետ ֆինանսավորման աղբյուրներ: Ներդրումների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի առաջին եռամսյակից հետո: Վիճվարչությունը կհրապարակի, թե ինչ ներդրումներ են իրականացվել»: