Հայաստանի եւ Չինաստանի միջեւ տարածաշրջանային ու միջազգային կարեւորություն ներկայացնող հարցերի շուրջ փոխըմբռնում կա: Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ-ին նվիրված ուղերձում:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Վան Ին ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ հայ-չինական հարաբերությունները նույնքան հին են, որքան մեր ժողովուրդների պատմությունը եւ որ դրանք մշտապես առանձնացել են փոխադարձ վստահությամբ եւ մեծ հարգանքով: Ավանդական այս հարուստ հիմքի վրա է խարսխվում նաեւ մեր միջպետական համագործակցությունը, որը քառորդ դարի ընթացքում շարունակաբար ընդլայնվել է` բազմաթիվ նշանակալի ձեռքբերումներ արձանագրելով ամենատարբեր ոլորտներում:

Նախարար Նալբանդյանը շեշտում է, որ Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրների միջեւ ընթացող քաղաքական երկխոսությունը, սերտ փոխգործակցությունը միջազգային կազմակերպություններում եւ տարածաշրջանային ու միջազգային կարեւորություն ներկայացնող հարցերի շուրջ ձեւավորված փոխըմբռնումը:

Էդվարդ Նալբանդյանը նշում է, որ երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունները կարեւոր դեր ունեն բարձր մակարդակով ընդունված համաձայնությունների կատարմանը նպաստելու գործում:

Նախարարը նշում է, որ հայ-չինական հարաբերությունների առանցքային բաղադրիչներից է տնտեսական համագործակցությունը, որը մենք հանձնառու ենք հնարավորինս ընդլայնել` ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր, հեռանկարային ծրագրեր:

Վան Ին իր ուղերձում նշում է, որ 25 տարվա ընթացքում՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր չին-հայկական հարաբերությունները առողջ եւ կայուն զարգացում են ապրել:

Չինաստանի ԱԳ նախարարը շեշտում է, որ շարունակաբար ամրապնդվում է երկու պետությունների միջեւ քաղաքական փոխադարձ վստահությունը, էական արդյունքներ են գրանցվել առեւտրի եւ տնտեսության, անվտանգության, հումանիտար կապերի եւ այլ ոլորտներում համագործակցության մեջ, սերտ կապեր եւ փոխգործակցություն է պահպանվում միջազգային եւ տարածաշրջանային հարցերում:

Նախարար Ին ընդգծում է, որ չինական կողմը մեծ նշանակություն է տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը եւ դիտարկում է Հայաստանը որպես համագործակցության կարեւոր գործընկեր:

Չինաստանի արտգործնախարարը նշում է, որ պատրաստ է Հայաստանի արտգործնախարարի հետ գործադրել համատեղ ջանքեր՝ ամրապնդելու երկու պետությունների արտաքին գործերի նախարարությունների միջեւ համագործակցությունը եւ դրանով իսկ առաջ մղել երկկողմ հարաբերությունները դեպի զարգացման նոր մակարդակ: