Կապիտոլիումում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն է տեղի ունեցել, որին մասնակցել են Ամերիկայի հայ համայնքի առաջնորդներ, Ցեղասպանությունների կանխման հարցով կոալիցիայի գործընկերներ, Հայաստանի եւ Արցախի դիվանագետներ: Նրանց միացել են նաեւ ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի անդամներ, հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ իրենք նոր վճռականությամբ են հաստատել իրենց կոլեկտիվ հավատարմությունն առ այն, որպեսզի Ամերիկան դադարի աչքերը փակել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելու վրա, հաղթահարի Թուրքիայի նկատմամբ արդարադատության  իրականցման հարցում եղած խոչընդոտները  եւ նպաստի Հայաստանի անվտանգությանը:

Միջոցառմանը մասնակցել են Մասչուսեթսից ընտրված սենատոր Էդ Մարկին, Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Էդ Ռոյսը, Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի անդամներ Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Սփայերը, Դեյվիդ Վալադոն, Դեյվիդ Թրոտը, կոմիտեի փոխնախագահ Ադամ Շիֆը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, դիվանագետներ եւ քաղաքական գործիչներ: