Հայաստանի համար լավագույն տարբերակն է հարթել բորբոսնած պանիրների արտահանումը Ռուսաստան։ Նման տեսակետ է NEWS.am –ի թղթակցին հայտնել Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը։
Միության անդամ ընկերություններից Ռուսաստան արտահանումը վերջին 2 տարիներին մնում է 1․6-1․7 հազար տոննայի մակարդակի վրա (Հայաստանից պանրի արտահանման կեսը հենց Ռուսաստանին է բաժին հասնում)։ Ավելացնել արտադրությունը ու երկարաժամկետ վարկեր վերցնել գործարանները վախենում են՝ կա հավանականություն, որ եթե ոչ միանգամից, ապա 1-2 տարվա ընթացքում արեւմտյան պատժամիջոցները կարող են չեղարկվել ու եվրոպական պանիրները կվերադառնան Ռուսաստան ։ Իսկ այդ դեպքում դրանց հետ մրցակցելը շատ բարդ կլինի։ Եվ ոչ միայն որակով, այլ նույնիսկ գնով՝ եվրոպական խոշոր երկրներից մեկն իր պանրագործներին դոտացիաներ է տրամադրում Ռուսաստան արտահանելու համար, այդ երկրից ներկրվող պանիրը իրական շուկայական գնից շատ ավելի էժան է լինում։
«Ռուսական շուկայում մենք կարող ենք մեծ հաջողության հասնել բորբոսնած պանիրների հարցում։ Այստեղ կոնյուկտուրան բարենպաստ է։ Առաջ ռուսական շուկայում ֆրանսիական բորբոսնած պանիրներն էին։ Պետությունը դրանց դոտացիաներ չի տրամադրում, դրա համար էլ մրցակցել հնարավոր կլինի, նույնիսկ եթե դրանք վերադառնան ռուսական շուկա», հավելեց Գիգոյանը։
Հայաստանում արդեն կան բորբոսնած պանիրների արտադրողներ, բայց արտադրանքի ծավալները դեռ փոքր են։ Ընդհանուր պանրի արտահանման մեջ նրանց արտադրանքը լավագույն դեպքում 1-2 տոկոսն է կազմում։



























