Գուանտանամոյի բանտարկյալը, որին առաջինն են դատում ԱՄՆ քաղաքացիական դատարանում, տանզանիացի Ահմեդ Հալֆանի Գայլանին, մեղավոր է ճանաչվել ներկայացված մեղադրանքներից միայն մեկով: Այդ մասին հայտնել է Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի գրասենյակը:

Գայլանին մեղավոր է ճանաչվել «ԱՄՆ-ին պատկանող սեփականությունն ու շինությունները ոչնչացնելու նպատակով հանցավոր դավադրությանը մասնակցելու մեջ»:

Նույնիսկ այդ մեկ կետով նրան սպառնում է 20 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում: Դատավճիռը կայացվել է առանձին:

Դատախազությունը Գայլանիին մեղադրանք էր ներկայացրել 224 սպանությունների մեջ: Այդքան մարդ մահացել էր Քենիայում եւ Տանզանիայում 1998թ. ԱՄՆ դեսպանատներում Ալ-Քաիդայի աջակցությամբ կազմակերպված պայթյունների ժամանակ: Մեղադրող կողմը պնդում է, որ Գայլանին եղել է այդ արյունոտ հանցագործության ամենաակտիվ մասակիցներից մեկը: Սպանվածներից 12-ը եղել են ԱՄՆ քաղաքացիներ: