ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, «Սինոփսիս» ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Հովիկ Մուսայելյանն այսօր՝ ապրիլի 21-ին, Երեւանի Էրեբունի թաղամասում ընտրողներին հորդորեց ձայն տալ հենց իրենց եւ խոստացավ հաղթանակի դեպքում շարունակել կիսատ մնացած գործերը:

«Ահռելի աշխատանք է կատարվել, մեր նախընտրական ծրագրում ներառված բոլոր դրույթներն իրատեսական են, կան նաեւ շարունակություն ենթադրող ծրագրեր: Եթե տաք ձայնը մեզ, մենք ի զորու ենք այդ ծրագրերն իրականացնել: Մեզ մեկ-մեկ ասում են՝ ախր թերությունները շատ են, ես շատ կուզենայի, որ մեր ընդդիմախոսները հանեին իրենց սեւ ակնոցն ու լավն էլ տեսնեին, անպայման նշեին, որ մի փոքրիկ թերություն կա, որ կարելի է խոշորացույցով մեծացնել եւ մատի փաթաթան սարքել, եկեք՝ հանենք այդ սեւ ակնոցն ու տեսնենք՝ ինչ բարեկարգ եւ գեղեցիկ է դարձել մեր մայրաքաղաքը»,- ասաց նա:

Հովիկ Մուսայելյանը նշեց նաեւ, որ միջազգային շատ խորհրդատվական կազմակերպությունների դասակարգմամբ՝ Երեւանն աշխարհի ամենահարմարավետ եւ ապրելու, գործելու համար լավագույն մայրաքաղաքներից մեկն է:

Նշենք, որ ՀՀԿ-ն այսօր իր նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Էրեբունի թաղամասում:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Երեւանում տեղի կունենան ավագանու ընտրություններ: Առաջադրված ուժերից ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, «Ելքինը»՝ Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր Ծիրանինը»՝ Զարուհի Փոստանջյանը: