Հայաստան ադրբեջանական խնձորների ներկրումը Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցների կոռումպացվածության հետեւանքն է: Մայիսի 4-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ադրբեջանական խնձորների ներմուծման մասին Դեմկուսի հարցումը ներկա պահին Գյուղատնտեսության նախարարությունում է՝ իրենք պահանջել են քրեական գործ հարուցել ոչ թե մեկ փաստով, այլ ամբողջ հանցավոր շղթան բացահայտելու համար: «Հայաստանի սահմաններին աշխատում են Պետական եկամուտների կոմիտեի կոռումպացված աշխատակիցներ: Նրանք են բաց թողել այս խնձորների խմբաքանակը: Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնց չեն ցանկանում բացահայտել»,- հարց հնչեցրեց Սարգսյանը:
Ավելի վաղ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնել էին, որ ադրբեջանական խնձորների խմբաքանակ է հայտնաբերվել մայրաքաղաքի «Նոր Զովք» եւ «Ծիրան» խանութների ցանցում, մի քանի խանութներում, շուկայում եւ մրգի կրպակներում: Մայրաքաղաքից բացի, ադրբեջանական ծագմամբ խնձոր է հայտնաբերվել Կոտայքում (առեւտրի 3 կետ), Շիրակում (4 կետ), Տավուշում (3 կետ), Արմավիրում (2 կետ) եւ Գեղարքունիքում (1 կետ):




























