Բուլղար ներդրողները Հայաստանը կարող են դիտարկել Եվրասիական տնտեսական միության եւ իրանական շուկաներ մուտք գործելու հարթակ: Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, Հայաստանում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւայի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է միջպետական հարաբերությունները խորացնելու հարցում: Կարեն Կարապետյանը կարեւորել է տնտեսական համագործակցության, գործարար կապերի հետագա զարգացումը եւ այդ համատեքստում անհրաժեշտ համարել միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ բուլղար ներդրողները Հայաստանը կարող են դիտարկել Եվրասիական տնտեսական միության եւ իրանական շուկաներ մուտք գործելու հարթակ՝ ավելացնելով, որ բուլղարական կապիտալը հնարավորություն ունի ներգրավվել նաեւ Մեղրիի ազատ տնտեսական գոտում: Կարեն Կարապետյանն ավելացրել է, որ համագործակցության հեռանկարներ է տեսնում նաեւ տրանսպորտի ոլորտում, մասնավորապես Սեւ ծով-Պարսից ծոց միջազգային տրանսպորտային միջանցքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների առումով: Վարչապետը խնդրել է իր ողջույններն ու շնորհավորանքները փոխանցել Բուլղարիայի նորընտիր վարչապետ Բոյկո Բորիսովին:

Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւան նշել է, որ Բուլղարիան եւս կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը եւ ավելացրել, որ դրա համար լավ հիմք են երկկողմ բազմադարյա բարեկամական կապերը: Ընդգծելով տնտեսական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ նա անհրաժեշտ է համարել տարբեր բիզնես ֆորումների, գործարար կապերի խթանման, ներդրումային նոր ծրագրերի իրականացման միջոցով առեւտրաշրջանառության ծավալների ավելացումը: Տիկին դեսպանը հավելել է նաեւ, որ Բուլղարիան պատրաստ է իր փորձը կիսել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պետական կառավարման համակարգում, գյուղատնտեսության բնագավառում իրականացված բարեփոխումների ուղղությամբ:  

Զրուցակիցները հայ եւ բուլղար ժողովուրդների շփումների ամրապնդման կարեւոր հիմնաքարերից են համարել կրթամշակութային համագործակցությունը, մասնավորապես, մշակութային օրերի անցկացման եւ կրթական փոխանակման ծրագրերի միջոցով: