Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արմավիրի եւ Վայոց ձորի մարզերի համայնքների հնգամյա զարգացման լավագույն ծրագրերը:
Կառավարության ղեկավարին ներկայացվել են ձեռնարկատիրական բնույթի զարգացման տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են աղբի վերամշակման գործարանի եւ ջերմոցային տնտեսության կառուցմանը, այգեգործական տնտեսության զարգացմանը, խաղուն գինու արտադրության խթանմանը, խտանյութերի եւ պահածոների արտադրության համալիր գործարանի հիմնմանը եւ այլն: Համայնքների ղեկավարներն անդրադարձել են նաեւ համայնքների սեփական եկամուտների ավելացման ծրագրերին եւ այդ ուղղությամբ նախատեսված քայլերին:
Ի թիվս մի շարք ծրագրերի, Արմավիրի փոխքաղաքապետը ներկայացրել է նաեւ քաղաքում աղբի վերամշակման գործարանի կառուցման ծրագիրը եւ նշել, որ նախագիծն ամբողջովին պատրաստ է, ծրագրի ընդհանուր արժեքը 65.0 մլն եվրո է, այն իրականացվելու է 3 փուլով: Առաջին փուլում նախատեսվում է 70 աշխատատեղի ստեղծում, ակնկալվում է, որ գործարանը տարեկան կընդունի 200 հազար տոննա աղբ: Ի պատասխան վարչապետ Կարապետյանի հարցի, թե ով է զբաղվելու Արմավիրում աղբահանության գործընթացի կազմակերպմամբ, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը զեկուցել է, որ գործարանի կառուցմամբ զբաղվող ընկերության հետ նախնական քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ աղբահանությունը կիրականացնի գործարանը: Կարեւորելով համայնքային տարբեր ծառայությունները, այդ թվում՝ աղբահանության կազմակերպումը, մասնավոր կառավարման հանձնելը՝ վարչապետը հանձնարարել է հետեւողական լինել այս հարցում:
Ինչ վերաբերում է խտանյութերի եւ պահածոների արտադրության համալիր գործարանի հիմնման ծրագրին, վարչապետին զեկուցվել է, որ նախատեսվում է Արմավիրում գտնվող նախկին պահածոների գործարանի տարածքում հիմնել բանջարեղենի եւ մրգերի վերամշակման համալիր գործարան, որտեղ կարտադրվի տոմատի մածուկ, մրգային եւ բանջարեղենային այլ խտանյութեր, մրգային, հատապտղային եւ բանջարեղենային պահածոների լայն տեսականի: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1,150.000.000 ՀՀ դրամ, ակնկալվում է ստեղծել 120 աշխատատեղ, արտադրել 1000-1500 տոննա տոմատի մածուկ: Նշվել է, որ սեփական ներդրումները կազմում են 400,000.000 ՀՀ դրամ, մնացած գումարը նախատեսվում է ձեռք բերել՝ ներգրավելով վարկային միջոցներ: Վարչապետը հորդորել է շարունակել բանակցություններն առեւտրային բանկերի հետ՝ հայտնելով կառավարության աջակցությունն այդ գործընթացին:
Իսկ Արմավիրի մարզի Քարակերտ համայնքի ներկայացրած ծրագրերի շարքում, մասնավորապես, քննարկվել է այգեգործական տնտեսության զարգացման ծրագիրը՝ խաղողի եւ ծիրանի այգիների հիմնման միջոցով: Նշվել է, որ 1.5 հա սեփականաշնորհված վարելահողը սեփական եւ վարկային միջոցների հաշվին հասցվել է 50 հեկտարի, հիմնվել են 30 հա խաղողի եւ 20 հա ծիրանի այգիներ: Անցկացրել է 4 կմ երկարությամբ ոռոգման ներքին համակարգ, որի շնորհիվ ոռոգման ջրի կորուստը 47 տոկոսից հասել է 5-10 տոկոսի: Այգեգործական տնտեսության զարգացման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 251 մլն ՀՀ դրամ, որից 220 մլն ՀՀ դրամը /բնաիրային/ սեփական ներդրումներն են, մնացած 31 մլն ՀՀ դրամի համար ակնկալվում է ՀՀ կառավարության աջակցությունը: Ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ, արտադրել տարեկան 380 տոննա խաղող, 100 տոննա ծիրան: Կարեւորելով ծրագրի իրականացումը՝ վարչապետը նշել է, որ դրա վարկավորման հնարավորությունները կքննարկվեն: Կարեն Կարապետյանը նաեւ հանձնարարել է պատասխանատուներին՝ տեղում ծանոթանալ կառուցված ոռոգման համակարգին եւ ուսումնասիրել դրա արդյունավետությունը:
Վայոց ձորի մարզի Խաչիկ համայնքի ղեկավարը ներկայացնելով տարբեր ոլորտներին առնչվող մի քանի նախագծեր, մասնավորապես, անդրադարձել է խաղուն գինու արտադրության կազմակերպման ծրագրին եւ նշել, որ դրա ընդհանուր արժեքը կազմում է 150 մլն ՀՀ դրամ, սեփական ներդրումները 82.5 մլն ՀՀ դրամ, իսկ մնացած՝ 67.5 մլն ՀՀ դրամն ակնկալվում է ստանալ ՀՀ կառավարությունից որպես վարկային միջոց: Նախատեսվում է տարեկան արտադրել 150.000 կգ խաղող, 100.000 լիտր խաղուն գինի: Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին ուսումնասիրել վարկավորման հնարավորությունները եւ ներկայացնել առաջարկություններ:




























