Առաջին անգամ չէ, որ ադրբեջանական պտուղ-մանջարեղենը Հայաստանում է հայտնվում, ինչպես եւ, ի դեպ, հայկականը՝ Ադրբեջանում: Այսօր՝ մայիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Հրաչ Բերբերյանը՝ մեկնաբանելով Վրաստանից Բագրատաշենի մաքսատնով հայկական գյուղերի բնակիչներին պտուղ-բանջարեղենի ներմուծման սահմանափակումները:

Նա այնուհետեւ հավելեց, որ, ըստ երեւույթին, վերահսկողությունը որոշել են ուժեղացնել Վրաստանից Հայաստանում հայտնված ադրբեջանական խնձորների աղմկահարույց պատմությունից հետո: Սակայն ամենեւին էլ առաջին անգամ չէ, որ այնտեղից այստեղ ապրանք է հայտնվում: Ինչպես նաեւ, ի դեպ, հակառակը, նշեց նա՝ հիշեցնելով հայկական ծիրանի հետ կապված դեպքը, որը Ադրբեջանում էր հայտնվել: «Շուկան մնում է շուկա, եւ եթե որեւէ տեղ պահանջարկ կա, ապա նաեւ առաջարկ կհայտնվի: Այլ կերպ չի լինում»,- նշեց Բերբերյանը: